суббота, 1 октября 2016 г.

Տան ճանապարհին

Վաղուց, շատ վաղուց ինչ-որ հեռու մի տեղ ապրում էր Մախարիշի Չանդիլյա անունով մի մեծ իմաստուն: Նա ուներ շատ աշակերտներ: Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր հասնել լուսավորության, և նրանք հաճախ էին դիմում վարպետին խնդրանքով՝ օգնել իրենց իրագործել այդ ձգտումները:
Բայց Վարպետն անընդհատ հետաձգում էր նրանց ցանկության իրագործումը: Որոշ ժամանակ անց մի քանի աշակերտներ դարձան անհամբեր, նրանք հիասթափությամբ հարցնում էին Վարպետին, թե ինչի է նա սպասում:

-Իմ սիրելի նվիրյալներ,- հանգիստ ասաց Վարպետը,- ես շատ լավ հասկանում եմ ձեր ձգտումը, բայց նաև գիտակցում եմ, որ այդ նպատակին հասնելու ձեր ժամանակը դեռ չի եկել: Առջևում դուք ունեք երկար ճանապարհ, որը պետք է անցնեք:
-Ինչպե՞ս կարող է դա լինել,- կտրուկ ժխտեց աշակերտներից մեկը,- դու ինքդ ես մեզ ասել, որ գիտելիքը տանում է դեպի լուսավորություն: Դու մեզ արդեն բավականին գիտելիք տվել ես, ի՞նչն է խանգարում քեզ լուսավորել մեր ճանապարհը:
-Օ՜, դուք արդեն բավական գիտելի՞ք եք ձեռք բերել,- ասաց Վարպետը տխուր ժպիտով և մի փոքր լռեց: Հետո նրա շրթունքներից դանդաղ հոսեցին բառերը: -Ես գտնում եմ, որ Ես-ը և անհամբերությունը ստվերում են ձեր տեսլականը, իսկ երբ դուք ձեզ բացահայտում եք,  ձեզ չի բավականացնում սիրո փորձը:
Այնուամենայնիվ, քանի որ ես սիրում եմ բոլորիդ, թույլ տվեք ինձ անել այն, ինչին դուք արժանի եք:  Խնդրում եմ փակեք ձեր աչքերը և  կտեսնեք նույն տեսելիքի ցոլքերը:
Աշակերտները փակեցին աչքերը և Վարպետի ողորմածությամբ հայտանաբերեցին, որ լողում են տարածության մեջ, կանգ են առնում փակ դռնով կամարի առջև, որից շունչդ կտրվում է: Երբ նրանք մոտեցան, դուռը դանդաղ բացվեց և լսվեց մի ձայն.
-Իմ երեխաներ, բարի գալուստ այս տարածք, դուք կարող եք շարունակել ճանապարհը դեպի առաջ:
Մտան ներս և դանդաղ լողացին Տիեզերքին անհայտ, անտեսանելի  թովիչ համայնապատկերի կողքով, մինչև հասան ուրիշ կամարի՝ ոսկե և վսեմ փակ դռնով: Նայում էին դռանը, երբ այն բացվեց: Ներս մտնելով ՝ նրանք տեսան բացարձակ խավար, որն ամենուր էր: Նրանք կորցրին ճանապարհը, սկսեցին կասկածել և խուճապի մատնվեցին, նրանց քաջությունը և ինքնավստահությունը մարեց:
Ի վերջո, աշակերտներն այլևս չկարողացան դրան դիմանալ և տխուր բացականչեցին.
-Օ՜, Վարպետ, խնդրում ենք խղճա մեզ և օգնիր: Մենք չգիտենք՝ որտեղ ենք և ինչ պետք է անենք: Այս խավարը մեզ համար չափազանց է:
Նույն վայրկյանին նրանց աչքերը բացվեցին, որպեսզի տեսնեն Վարպետի բարեգութ ժպիտը:
-Ի՞նչ կատարվեց մեզ հետ, սիրելի՛ Վարպետ,- վախեցած  բղավեցին նրանք,- ինչո՞ւ մենք չէինք կարողանում շարժվել առաջ և ինչո՞ւ այդ վայրը հանկարծ դարձավ մութ և անանցանելի:
-Դա նրանից է,- բարի ձայնով ասաց Վարպետը,- որ դուք ուժ ունեիք անցնելու միայն տան ճանապարհի կեսը և չունեիք բավական տոկունություն, որպեսզի ճանապարհը շարունակեիք մինչև վերջ:
-Առաջին դուռը, որ բացվեց ձեզ համար,- շարունակեց Վարպետը,-Գիտելիքի դուռն էր: Այն ձեզ տանում էր մյուս դռան մոտ՝ Սիրո դռան մոտ, որը ձեզ տանում էր իր տիրույթները: Ձեր Ես-ը և անհամբերությունը խավարեցրին այդ տարածությունը և խոչընդոտեցին ձեր առաջընթացին:
Դուք պետք է հիշեք, որ գիտելիքի ուժը ձեզ կօգնի հասնել երանության ճանապարհի կեսը: Սիրո ուժը կարող էր ձեզ ճանապարհի երկրորդ կեսը տանել: Միայն սիրո հետ միացած գիտելիքը կարող է հասնել լուսավորության:
-Հետևաբար,- ասաց Վարպետը,- դուք պետք է պահպանեք գիտելիքը և ազատվեք Ես-ից ու անհամբերությունից: Երանություն փնտրեք ամբողջովին նվիրվելով, և ծառայեք Արարչությանը անկողմնակալ սիրով: Բարձրագույն Գիտելիքը և Բարձրագույն Սերը հանդիսանում են մեկ մետաղադրամի երկու երեսները, և կտանեն ձեզ դեպի Բարձրագույն Երանություն: Գնացեք դեպի այս մեծ աշխարհը և ծառայեք մարդկանց խոնարհությամբ ու սիրով, իսկ հետո վերադարձեք ինձ մոտ, որպեսզի ավարտենք ճանապարհորդությունը:

Այս պատմությունը ներկայացնում է մեզ, թե ինչքան կարևոր է գիտելիքին տիրապետելը և Ես-ի ծուղակը  չընկնելը, և թե ինչքան էական է ծառայել մարդկանց խոնարհությամբ ու սիրով:
Նաև ցույց է տալիս, որ մարդկային հարաբերություններում սիրո ուժին է պատկանում վերջին խոսքը՝ և՛ ֆիզիկական , և ՛ փիլիսոփայական հարթակներում, նաև այն Վարպետի բարեգթության պես անհրաժեշտ է այս երկու ոլորտներում:

Ռուսերենից թարգմանությունը՝ Վանիկ Ադամյանի


Комментариев нет:

Отправить комментарий