понедельник, 21 марта 2016 г.

Ծեր գյուղացին

Աստծո մոտ եկավ մի ծեր գյուղացի և ասաց.
-Գուցե դու աստված ես և գուցե դու ես ստեղծել աշխարհը, բայց ահա թե ինչ կասեմ քեզ: Դու հողագործ չես, դու չգիտես հողագործության հիմքը: Դու դեռ պետք է սովորես:
-Եվ ի՞նչ խորհուրդ կտաս,-հարցրեց Աստված:
-Տուր ինձ մեկ տարի ժամանակ և թող ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ ուզում: Դու կտեսնես, թե ինչ կստացվի, չի լինի աղքատություն և չքավորություն,- պատասխանեց գյուղացին:

Աստված համաձայնվեց և այդ տարին վստահվեց աշխատավորին: Իհարկե, գյուղացին պահանջեց գերազանց պայմաններ. ոչ մի քամի, փոթորիկ, հեղեղ, բերքին սպառնացող ոչ մի վտանգ: Այդ տարի ամեն ինչ եղավ նրա պայմաններով: Երբ արև էր ցանկանում, արևը շողում էր, անձրև էր պետք, թափվում էր. այսպես այնքան ժամանակ, ինչքան պետք էր աշխատավորին: Ամեն ինչ հիանալի էր, գյուղացին չէր կարող չուրախանալ: Եվ ցորենն էլ բարձր աճել էր:
Երբ սկսեց ցորենը կալսել, հասկի մեջ հատիկներ չկային: Գյուղացին հուսահատված էր:
-Ի՞նչ է եղել, ի՞նչն այն չէր,- դիմեց Աստծուն:
Եվ Աստված պատասխանեց.
-Բանն այն է, որ չի եղել հակամարտություն, պայքար, համառություն: Դու խուսափում էիր անհանգստություններից, այդ պատճառով էլ ցորենն անպտուղ եղավ: Պայքարն անհրաժեշտ է: Փոթորիկը, ամպրոպը, կայծակն օգտակար են, նրանք թափ են տալիս, ցորենի հոգին ուժով ու էներգիայով են լցնում: Սա է առողջ կյանքի սկզբունքը:

Ռուսերենից թարգմանությունը՝ Աննա Իսախանյանի

Комментариев нет:

Отправить комментарий